Ի՞նչ ճակատագիր է սպասում վթարային շենքերին, մանավանդ Աջափնյակ համայնքին, որ հայտնի է հին, «կարկատած» շենքերով: «Իրատեսը» թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
Նրա տեղեկացմամբ` Աջափնյակում մեծ թիվ են կազմում վթարային շենքերը, մի քանիսը քանդել են, փոխարենը նորերը կառուցել, այն շենքերում, որոնց վթարայնությունը քիչ է, ամրացումներ են արվել. «Ամբողջ քաղաքում հաշվառված են շուրջ 450 երրորդ աստիճանի վթարային և քանդման ենթակա չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող 25-26 շենքեր: Այդ թվերը կայուն չեն, ամեն տարի պետք է մոնիտորինգ արվի, որ տեսնենք՝ ինչ կատեգորիայի քանի շենք կա: Դա անում են քաղաքապետարանն ու քաղաքաշինության պետական կոմիտեն»:
Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ Աջափնյակի շենքերը առավելագույնը 50 տարվա համար են կառուցվել: Բնակելի շենքերը, առհասարակ, չեն դիմանում մինչև 100 տարի, բացի այդ` թամանյանական շենքերը կառուցվել են յոթբալանոց հիմքով: 90-ականներից հետո նորմերը փոխվել են, Երևանի համար ընդունված է ինը, տեղ-տեղ նաև 10-բալանոց համակարգը: Այսինքն, այսօր արդեն մենք ճիշտ ուղու վրա ենք, միաժամանակ շատ անելիք ունենք, կամաց-կամաց հին շենքերը պետք է ամրացվեն, ինչը, սակայն, աստղաբաշխական թվերի հետ է կապված: Թե ինչ կլինի հզոր երկրաշարժի դեպքում, կարելի է պատկերացնել: Բնական աղետներից ոչ պակաս շենքերի ամրությանը վնաս է հասցնում մարդկային գործոնը` բնակիչների անհարկի միջամտությունը:
«Իսկ մեր բնակիչներն այդ մոլուցքն ունեն,- նկատեց զրուցակիցս:- Մեկի պատուհանն իր ուզածի չափ մեծ չէ, մյուսի՝ դուռը, մեկ ուրիշի` նկուղը: Շատերը բնակարանի պատշգամբն առաջ են բերում` 5-6 մետր բարակ խողովակների վրա: Ես ինքս բազմաթիվ տեղեր գնացել եմ, ասել եմ, որ չի կարելի, ասել են` մենք տարածք ենք ուզում: Խիստ հսկողություն է պետք սահմանել, որ այդ շենքերը, որոնք ինչ-որ կայունության ռեսուրս ունեն, առայժմ պահպանվեն»:
Ասում են, որ երբեմն վերևի հարկերի ավելացումը ամրացնում է շենքը: Քաղաքը, իհարկե, դեֆորմացված շենքերի տեսքից չի շահում, բայց գոնե կարող ենք մխիթարվել, որ շենքերն ավելի ապահով են դառնում, եթե, իհարկե, ճշմարտամոտ է վերոնշյալ տեսակետը: Մկրտիչ Մինասյանը պարզաբանում է, որ նախագիծը կարող է լավը լինել, բայց օգտագործողի կողմից իմպրովիզացիայի ենթարկվել: Ասենք, ըստ նախագծի, կառույցը պետք է լինի մետաղական սյուներով, ոչ մեծ, հաստ պատերով, առանց երկաթբետոնի, նա այդ գծագիրը վերցնում է ու կամայական անում բետոնով, ինչը, զրուցակցիս բնորոշմամբ, գուրզի դեր է կատարում:
Ինչ վերաբերում է կամայական ձևափոխությունների արտաքին կողմին, Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ վարչապետը նույնպես ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մեր քաղաքը վերևից շատ տգեղ տպավորություն է թողնում. «Մեր քաղաքը ռելիեֆի վրա է, ի տարբերություն հարթ քաղաքների մենք յուրաքանչյուր կետից կարողանում ենք քաղաքի շենքերի կտուրները տեսնել»,- ասաց ճարտարապետների միության նախագահը` ևս մեկ անգամ շեշտելով խիստ հսկողության անհրաժեշտությունը: Վստահեցրեց նաև, որ եթե նախկինում սխալ կառույցները քանդած լինեինք, հիմա այսպիսի անօրինական կառույցներ, ֆանտազիաներ չէին լինի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ